
Չորս օրում Եգիպտոսում բախումների հետևանքով զոհվել է գրեթե 1000 մարդ

CBS News-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում հաշվարկում են անցած հանգստային օրերին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված զոհերի քանակը: Վերջին տվյալներով՝ այդ ընթացքում զոհվածների քանակը գերազանցել է 100-ի սահմանագիծը:
Ընդհանուր առմամբ, վերջին 4 օրվա ընթացքում Եգիպտոսում որոշակի տվյալներով զոհվել է 924 մարդ: Նախորդ ուրբաթ Եգիպտոսում հայտարարվել էր «ցասման օր»: Այդ օրն իսլամականների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ զոհվել էր 173 մարդ, որոնցից 95-ը՝ Կահիրեում:
Դրա հաջորդ օրը զոհերի քանակն ավելացել էր ևս 79 մարդով: Երեկ էլ իսլամականները հարձակվել են ավելի քան 600 բանտարկյալների տեղափոխող տրանսպորտի վրա, իսկ ոստիկանությունը բանտարկյալների փախուստը կանխելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ինչի հետևանքով խեղդվելուց մահացել է առնվազն 36 բանտարկյալ: