
Թուրքիայում մահացել է «բոլոր գնչուների թագավորը»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 59 տարեկան հասակում Թուրքիայում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չոաբան, ով հայտնի է որպես ինքնահռչակ «բոլոր գնչուների թագավոր»:
Չոաբան մահացել է Անթալիայում, ուր հանգստանում էր ընտանիքի հետ միասին: Օգոստոսի 13-ին նա հոսպիտալացվել է սրտի կաթվածով: Նրա մահվան մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ռումինական գնչուի հուղարկավորության ժամկետն ու վայրը դեռ հստակեցված չեն:
Չոաբայի հարազատներին անձամբ ցավակցել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, ով նրա հրավերով մասնկացել է գնչուական մի շարք տոների: Չոաբան 1997 թվականին իր հոր մահվանից հետո իրեն հռչակել էր որպես «համայն աշխարհի գնչուների թագավոր»:
Ռումինիայում գտնվում է Եվրոպայում գնչուական խոշորագույն համայնքը՝ ավելի քան 600.000 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց քանակը երկրում հասնում է երկու միլիոն մարդու: