Բաժիններ՝

Առաջիկա 10 տարիներին աֆրիկյան երկրները ռազմական տեխնիկայի գնմանը կհատկացնեն ավելի քան 20 միլիարդ դոլար

Defense News-ի փոխանցմամբ՝ Աֆրիկայի երկրները առաջիկա 10 տարիներին էականորեն թարմացնելու են իրենց ունեցած սպառազինության ու ռազմական տեխնիկայի պարկը: Այս մասին են վկայում վերլուծաբանների կանխատեսումները:

Պարկի թարմացումը կապված է ահաբեկչական ու իսլամական ապստամբ շարժումների դեմ պայքարի անհրաժեշտության աճի հետ: Ակնկալվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում աֆրիկյան տարածաշրջանի ռազմական ծախսերը (ռազմական տեխնիկայի ու սպառազինության գնում) կազմելու են ավելի քան 20 միլիարդ դոլար:

Նշվում է, որ մի շարք եվրոպական ու ամերիկյան ընկերություններ արդեն իսկ սկսել են պատրաստվել Աֆրիկայի երկրներին ռազմական նշանակության արտադրանքի զանգվածային մատակարարումներին: Ներկայումս տարածաշրջանի զենքի խոշորագույն մատակարարները Չինաստանն ու Ռուսաստանն են:

Ընդհանուր առմամբ, մինչ այժմ աֆրիկյան պաշտպանական ձեռնարկությունները լիցենզիոն արտադրության, համագործակցության ու համատեղ մշակման մասին համաձայնագրեր են ստորագրել Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Մալայզիայի ու Ֆրանսիայի մի շարք խոշոր ընկերությունների հետ:

Աֆրիկյան շուկայում խոշորագույն խաղացողը դեռ ՀԱՀ-ն է, սակայն առաջիկա տարիներին սպառազինության համաշխարհային շուկա կարող են դուրս գալ նաև Արևելյան, Արևմտյան ու Հյուսիսային Աֆրիկայի ձեռնարկությունները:

Ցայժմ աֆրիկյան երկրների կողմից սպառազինություն ու ռոազմական տեխնիկա գնելու ցուցանիշները մեծ չեն եղել, ինչը մասնավորապես պայմանավորված է պետական բյուջեի միջոցների էական պակասով: Նրանք սպառազինության թարմացմանը գնացել են միայն չափազանց անհրաժեշտության դեպքում, երբ դրա օգտագործումը դարձել է անհնար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս