Եգիպտոսի ժամանակավոր նախագահը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունն օրեր առաջ Թուրքիային մեղադրեց իր ներքին գործերին միջամտելու մեջ՝ ընդգծելով, որ Թուրքիան չափն անցել է:
Այդ հայտարարությունից հետո սպառնալից նոր հայտարարություն է ստացվել Եգիպտոսից: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը Twitter-ում գրել է, որ ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչները ստորագրելու են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջազգային փաստաթղթի տակ:
Մանսուրը հավելել է, որ թուրքական բանակի կողմից իրականացրած ցեղասպանությանը զոհ է գնացել 1 միլիոն հայ: Սրանից առաջ Եգիպտոսը չեղյալ էր հայտարարել հոկտեմբերի 21-28-ին Թուրքիայի հետ պլանավորած «Բարեկամության ծով» ռազմածովային համատեղ զորավարժությունների անցկացումը: Իսկ օգոստոսի 15-ին Եգիպտոսն ու Թուրքիան փոխանակվել էին դեսպանների հետ կանչով: