ԵՄ-ն առաջիկա օրերին բեռնարգելք կդնի Եգիպտոսին զենք մատակարարելու վրա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է բեռնարգելք դնել Եգիպտոսին զենք, ոստիկանական միջոցներ և երկակի նշանակության տեխնիկա մատակարարելու վրա: Այս մասին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրը:
Դրանով իսկ ԵՄ-ը մտադիր է չափազանց պարզ ազդանշան հղել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը, որ պետք է անհապաղ դադարեցնել բռնությունները: Դիվանագետն ընդգծել է, որ ներկայումս ԵՄ-ը դիտարկում է գործելու մի քանի տարբերակներ:
Նա հավելել է, որ այդ սահմանափակումների ներդնումը դիտարկվելու է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա այս շաբաթ: Այդ հանդիպումը նախապատրաստելու համար Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի հանձնաժողովի տեխնիկական նիստը՝ ընկերակցության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով:
Միևնույն ժամանակ ԵՄ-ը չի հրաժարվում Եգիպտոսին օգնություն ցուցաբերելու ծրագրերից, որոնք միտված են Եգիպտոսի տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցելուն: 2011-2013 թվականներին այդ կարիքների համար ԵՄ-ը հատկացրել է 449 միլիոն եվրո: