Ոստիկանությունը բերման էր ենթարկել երեք ակտիվիստի
Հայաստանի ոստիկանության աշխատակիցները երեկ` օգոստոսի 17-ին, ուշ երեկոյան բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացվող նստացույցի մի խումբ մասնակիցների:
News.am-ը տեղեկացնում է, որ երիտասարդները բողոքի ակցիայի ժամանակ փորձել են տեսանկարահանում իրականացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ, սակայն նրանց կոպիտ կերպով արգելել են: Ավելի ուշ ոստիկանները` Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, առանց օրինական հիմքերը նշելու եւ կոպիտ կերպով երեք երիտասարդների բերման են ենթարկել ոստիկանություն: Ըստ ակցիայի մասնակիցների` ոստիկանները ապօրինություն են կատարել իրենց նկատմամբ:
Կեսգիշերն անց բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Դեպքի կապակցությամբ պարզաբանում է տարածել նաեւ ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը եւ Գոռ Առաքելյանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը եւ Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին»: