
Հայ բեռնափոխադրողների համար Թուրքիայի տարածքը փակ է մնում

Թուրքիայի տարածքով հայկական բեռնափոխադրող մեքենաների տարանցման իրավունքը օդից կախված է, գործընթացը սառեցված վիճակում է: Ինչպես 168.am-ի հետ զրոյցում հայտնեց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը, թուրքական կողմն ըստ էության թույլատրել է հայկական մեքենաներին անցնել իր տարածքով, սակայն վարորդների համար տրվող հատուկ վիզաները չի տրամադրում:
«Վարորդները չեն կարող ճանապարհը գնալ բեռով ու սահմանին վիզա ստանալ, նախօրոք պետք է դիմեն, նշեն՝ ինչ բեռ են տանում, որպեսզի նրանք կամ տան, կամ չտան: Բայց այդ ձևով բեռնափոխադրում չի արվում, որ բեռը տան ինչ-որ մեկին, օրերով սպասեն, որ կոնկրետ ֆիքսվի ինչ բեռ է, որ հետո վիզա ստանան, գնան: Բիզնեսի մեջ չի կարող նման բան լինել»,- ասաց Մ.Առաքելյանը:
Խնդիրը բարձրացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում, սակայն լուծում այդպես էլ չի գտնվել:
«Իրենք իրավունք տալիս են անցնելու Թուրքիայի տարածքով, բայց վարորդական վիզա է պետք, որ մյուս երկրների նման մեզ չտվեցին և նախօրոք պետք է դիմեինք Բաթումում Թուրքիայի հյուպատոսություն: Պարզապես հիմա առիթ չունենք, որ դիմենք, բայց որ հնարավորություն լինի, պահանջարկը կառաջանա: Այս պահին այլընտրանք ունենք ու նման բարդությունների մեջ չենք մտնում: Հայկական կողմի համար Թուրքիայի տարածքը ձեռնտու է դեպի Եվրոպա արտահանելու համար, իսկ Եվրոպա չեն գնում: Որոշ խնդիրների կան մեքենաների որակի հետ կապված, թեև լավ որակի մեքենաներ էլ ունենք: Պարզապես արտահանումը դեպի Եվրոպա շատ քիչ է»,- նշեց Մ.Առաքելյանը: