Գերմանացին որսացել է 233 կիլոգրամանոց ձուկ (լուսանկարներ)
Գերմանացի Մարկո Լիբենովը սահմանել է համաշխարհային ռեկորդ` ձկնորսության ժամանակ որսալով 233 կիլոգրամանոց վահանաձուկ: Այս մասին հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը:
Մարկոն ձկնորսության էր գնացել իր երկու ընկերների հետ և մի փոքրիկ նավակով դուրս եկել Նորվեգիայի ծովափնյա ջրերը: Երբ կարթը շարժվել է, գերմանացի ձկնորսին թվացել է, թե ինքը սուզանավ է բռնել, սակայն շուտով պարզվել է, որ որսը արտասովոր չափեր ունեցող ձուկ է: Ընկերները շուրջ 90 րոպե փորձել են բարձրացնել հսկա վահանաձկանը, որն ավելի ծանր է կշռում, քան վայրի գորիլան, սակայն հասկացել են, որ այն չի տեղավորվի նավակի մեջ: Ուստի նրանք պարանով կապել են ձկան պոչը և հասցրել ափ: Վահանաձկանը ջրից հանել և կշռել են վերամբարձ կռունկի միջոցով:
Ըստ «Daily Mail»-ի` Մարկո Լիբենովի որսած ատլանտյան վահանաձուկը, որի երկարությունը 274 սմ է, աշխարհում ամենամեծ ձուկն է, որը որսացել են կարթի կամ պարանի միջոցով: Մարկո Լիբենովը մտադիր է դիմել Ձկնորսության միջազգային ասոցիացիա (IGFA)` իր ռեկորդը հաստատելու համար: Նախկին ռեկորդը (190 կգ) սահմանվել էր 2004 թվականին: