«Սևջուր-Ախթամար» և «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում 20 խորքային հոր է վերականգնվել
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացել է Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն այցելել է «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներ, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 12 եւ հորատվել է 8 նոր հոր, որոնք, ըստ պատասխանատուների, զգալիորեն մեղմում են սակավաջրության խնդիրը նշված ՋՕԸ-երի սպասարկման տարածքում գտնվող շուրջ երկու տասնյակ համայնքների համար: Ծրագրով վերոնշյալ աշխատանքների համար հատկացվել էր 540 մլն դրամ:
ՋՕԸ-երի ղեկավարները փոխվարչապետին տեղեկություններ են ներկայացրել ընթացիկ իրավիճակի մասին: Ա. Գեւորգյանը հորդորել է ոռոգման աշխատանքները կազմակերպել հնարավորինս արդյունավետ, ջուրը խնայողաբար օգտագործել` միաժամանակ ապահովելով գյուղացիական տնտեսությունների պահանջարկը:
Փոխվարչապետին զեկուցվել է նաեւ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում մարզում իրականացված այլ աշխատանքների մասին: Նշվեց, որ խորքային հորերի վերականգնման եւ ջրանցքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ «Մերձափնյա», «Վաղարշապատ», «Խոյ», «Մուսալեռ» ՋՕԸ-երի տարածքներում:
Ա. Գեւորգյանն այցի շրջանակում ակցելել է նաեւ մարզի Արտաշար, Երասխահուն, Գայ եւ Զարթոնք համայնքներում, հանդիպումներ ունեցել բնակչության հետ, որոնք բարձրացրել են համայնքների համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերել ենն մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրի ծավալներին, ոռոգման ցանցերի արդիականացմանը, ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաեւ գյուղմթերքի իրացմանը: Փոխվարչապետը նշել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն կառավարությունում, ինչպես նաեւ տեղեկություններ է ներկայացրել մարզում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի, հատկապես ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին: