Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նորամուտը նշել Բունդեսլիգայում. Յուրգեն Կլոպ

Goal.com-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նորամուտը նշել Բունդեսլիգայում` կիրակի օրը կայանալիք «Այնտրախտի» դեմ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը վնասվածքի պատճառով բաց էր թողել Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի «Աուգսբուրգ» – «Բորուսիա» հանդիպումը:

«Հենրիխը թիմի մասնիկն է: Երեկ 70 րոպեանոց երկկողմանի խաղ ենք անցկացրել: Նա րոպա առ րոպե ավելի լավ տպավորություն էր թողնում»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յուրգեն Կլոպը:

Դորտմունդցիները Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքեցին ակումբի համար ռեկորդային գումարով (27.5 մլն եվրո), որ նա փոխարինի Մարիո Գյոտցեին, բայց Յուրգեն Կլոպը համոզված է, որ այս երկու ֆուտբոլիստներին չի կարելի համեմատել. «Մխիթարյանը շատ լավ խաղացող է, բայց նրանք տարբեր ոճի ֆուտբոլիստներ են»,- նշել է Կլոպը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս