
Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան հազար իսլամիստ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ավելի քան հազար անդամ: Այս մասին հայտնել է եգիպտական ոստիկանության ղեկավարությունը: Ձերբակալված 1004 մարդկանցից 558-ը բաժին է ընկել Կահիրեին: «Մուսուլման եղբայրներ» շարժումը երեկ բողոքի ակցիաներ է անցկացրել Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում:
Նախագահ Մոհամմեդ Մուրսիի տապալման դեմ անցկացված այդ ակցիան ստացել է «Ցասման երթ» անունը: Կահիրեում «Ցասման երթի» մասնակիցների ու ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Օգոստոսի 16-ի երեկոյան «Մուսուլման եղբայրներ» շարժումն իր համակիրներին կոչ է արել նմանատիպ բողոքի ակցիաներ անցկացնել ամեն օր:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը ցրել էր Կահիրեում իսլամիստների վրանային ճամբարները, որի ժամանակ պաշտոնական տվյալներով` զոհվել է մոտ 600 մարդ, իսկ «Մուսուլման եղբայրներ» շարժման տվյալներով` ավելի քան 2500 մարդ: