
«Էյր Արմենիա»-ի օդանավը դեռ չի ժամանել. Առաջին չվերթը հետաձգվել է

Օգոստոսի 18-ին նախատեսվող «Էյր Արմենիա» ավիաընկերության առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է և դեռ պարզ չէ, թե այն երբ է կայանալու: Ինչպես 168.am-ին հայտնեցին ընկերությունից, Airbus 320 օդանավը, որ պետք է սպասարկեր թռիչքը, դեռ չի բերվել Հայաստան: Այն սպասվում է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ մինչ այս բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ընկերությունը նախորդ ամիս ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել է Հայաստանից ուղևորափոխադրումներ իրականացնելու ժամանակավոր թույլտվություն: Այն թռիչքներ է իրականացնելու միայն դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա քաղաքներ։