
Գերմանիայի կառավարությունը սառեցրել է Եգիպտոսին 25 միլիոն եվրո տրամադրելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը սառեցրել է Եգիպտոսի զարգացման կարիքների համար հատկացված 25 միլիոն եվրոյի փոխանցումը: Այդ քայլը պայմանավորված է արաբական երկրում իրավիճակի սրման հետ:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման հարցերով նախարար Դիրկ Նիբելը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ գումարը նախատեսված էր կլիմայի ու շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին առնչվող տարբեր նախագծերի իրագործման համար:
Նախարարը հավելել է, որ այդ գումարից մոտ 15 միլիոն եվրոն այժմ կուղղվի Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին օգնելուն. «Եվ այնուամենայնիվ, մենք ճակատագրի քմահաճույքին չենք թողնում Եգիպտոսի բնակչությանը:
Գերմանիայի կառավարությունը նախկինի նման օգնելու է հյուսիսաֆրիկյան երկրին՝ կապված էներգոապահովման և ջրամատակարարման, ինչպես նաև մարդու իրավունքների պահպանման ու ժողովրդավարության ամրագրման հետ: Այդ նպատակով Գերմանիան 2012 թվականին հատկացրել է 100 միլիոն եվրո»: