
Կահիրեում մեկնարկել է Մուրսիի կողմնակիցների բազմահազարանոց բողոքի ակցիան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է նոր կառավարության դեմ բողոքի զանգվածային ակցիան: Պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները «Մուսուլման եղբայրներ» խմբավորման իսլամիստների կոչով ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքվել են Կահիրեի հյուսիս-արևելյան շրջանում և շարժվել քաղաքի կենտրոնի ուղղությամբ:
Նրանք իրենց ճանապարհին շարունակ կրկնել են «Ոչ զինվորական կառավարմանը»: Միևնույն ժամանակ Կահիրեի կենտրոնում հակակառավարական ակցիայի մասնակիցներին սպասում են անվտանգության ուժերը: Այստեղ է բերվել ռազմական ծանր տեխնիկա:
Հսկողության տակ են առնվել Նեղոս գետի վրայի կամուրջները, քաղաքի կենտրոնական մասում փակվել են մետրոպոլիտենի կայարանները: Բողոքի ակցիայի սկսվելուց անմիջապես անց բանակային հրամանատարությունն ու ոստիկանությունը հանդես են եկել հայտարարությամբ, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ:
Դրանում ընդգծվել է, որ կարգուկանոն պահպանողների վրա յուրաքանչյուր հարձակման փորձ կստանա ամենավճռական պատասխան: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով վերջին բախումների հետևանքով Եգիպտոսում զոհվել է ավելի քան 600 և վիրավորվել է մոտ 4000 մարդ: