
Այս շաբաթ նկատվում է Սիրիայից Իրաք փախստականների կտրուկ արտահոսք. ՄԱԿ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով վարչությունն ընթացիկ շաբաթ ընդգծել է Սիրիայից փախստականների հեռանալու կտրուկ ալիք, որոնք հատել են Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
Այդ տվյալների համաձայն, Սիրիայի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց մեծ մասը Հալեպի և երկրի հյուսիս-արևելյան աղքատ շրջանների բնակիչներ են, ձգտել են լքել երկրի սահմանները:
Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե ինչով է պայմանավորված մարդկանց այդօրինակ հանկարծակի ու զանգվածային տեղաշարժը: Նախնական տվյալներով՝ Իրաքի հետ սահմանը Սիրիայի հյուսիսից ամեն օր հատում է առնվազն 7500 մարդ: Ցայժմ Իրաքում բնակվում էր մոտ 150.000 սիրիացի փախստական: Նրանց մեծ մասը քրդեր են, որոնք չեն պաշտպանում ո՛չ նախագահ Բաշար Ասադին, ո՛չ էլ ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում քրդերի ու իսլամիստ զինյալների միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում: Վերջիններս մահապատժի են ենթարկել պատանդ վերցրած հարյուրավոր քրդերի: