Թյուրքալեզու պետությունները Գաբալայում հռչակագիր են ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այսօր Գաբալայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Ընդունված համատեղ փաստաթղթում նշված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լուրջ առաջընթաց կլինի Եվրասիական տիրույթում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման գործընթացում:
Կողմերն ընդգծել են այն կարևորությունը, որը նրանք տալիս են Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Բացի այդ, նրանք ընդգծել են թյուրքալեզու երկրների քաղաքական ու տնտեսական անվտանգության ուժեղացման նկատմամբ իրենց նպատակամղվածությունը: