
Կարգավորման գործընթացի վերջում Օջալանը կստանա տնային կալանք. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Անկարայում կուլիսների հետևում քննարկվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տնային կալանք հատկացնելու հարցը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:
Թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուի տվյալներով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական կառավարության և Օջալանի միջև: Ընդ որում, Օջալանը տնային կալանք է ստանալու միայն ներկայիս թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերջում:
Լրագրողի կարծիքով՝ այդ ժամկետի մոտենալուն զուգահեռ կառավարությունը հասարակությանը կպատրաստի դեպքերի նմանատիպ զարգացման համար: Լրագրողը հայտնել է ևս մեկ ուշագրավ տեղեկատվություն, ըստ որի՝ նախորդ տարվա աշնանը բանտերում քրդերի կազմակերպած զանգվածային հացադուլին վերջ է տրվել այն բանից հետո, ինչ Իմրալը է այցելել Տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Վերջինիս այդ այցից հետո Օջալանը քուրդ հացադուլավորներին կարգադրել է դադարեցնել ավելի քան երկու ամիս շարունակվող հացադուլը, որի մասնակիցներն արդեն իսկ հայտնվել էին մահվան շեմին:
Հիշեցնենք, որ Օջալանի հրահանգով PKK-ի զինյալները սկսեցին այս տարվա մայիսի 8-ից լքել Թուրքիայի տարածքը: Դա աննախադեպ իրադարձություն էր Թուրքիայի համարվ վերջին 14 տարում: Նախորդ անգամ PKK-ն սկսել էր Թուրքիան լքել 1999 թվականին, երբ ձերբակալվեց իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: