Վանում տեղի է ունեցել հայ և թուրք գործարարների հանդիպումը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանում տեղի է ունեցել Վանի երիտասարդ գործարարների միության (VANGİAD) և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որին մասնակցել են երկու երկրների գործարարները:

Նրանք ուշադրություն են հրավիրել տնտեսական հարաբերություններ հիմնելու կարևորության վրա, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքի վրա:

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արմեն Մելքոնյանն իր ելույթում ընդգծեց, որ չնայած հայ-թուրքական սահմանի փակ լինելուն՝ երկու երկրների միջև տարեկան առևտրային շրջանառության ծավալը կազմում է 220 միլիոն դոլար, ինչը ոչ պաշտոնական առևտուր է և իրականացվում է Վրաստանի տարածքով:

Մելքոնյանը հավելել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական խնդիրների կարգավորումից ու սահմանների բացումից հետո կգրանցվի տնտեսական մեծ աշխուժություն:

Մելքոնյանից հետո ելույթ է ունեցել VANGİAD-ի նախագահ Էրեն Գյոքչենայը, ով հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ հայ և թուրք ժողովուրդներն ապրեն եղբայրների նման՝ հավելելով, որ իրենք պատրաստ են տնտեսական ոլորտում համագործակցության:

Տեսանյութեր

Լրահոս