Ալի Աքբար Սալեհին գլխավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արդեն իսկ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին դարձել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար և միաժամանակ փոխնախագահ:
Սալեհին հայտարարել է, որ այս նշանակման մասին իրեն հայտնել են նախագահ Հասան Ռոուհանիի գրասենյակից: Իրանի խորհրդարանը երեկ հաստատել է նախարարական 18 պաշտոններից 15-ի ղեկավարների թեկնածությունը:
Նրանք համալրել են Ռոուհանիի կառավարության կազմը: Նրանց թվում է գտնվել նաև արտգործնախարար նշանակված Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ժամանակին գլխավորել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը:
Հաստատված նախարարների թվումեն հայտնվել Նավթարդյունաբերության նախարար Բիժեն Զանգենեն, ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թաեբնիան:
Նոր կաբինետն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հենց առաջին իսկ աշխատանքային օրվանից՝ վաղվանից: Այն նախարարները, որոնց փոխարինողներին երեկ չի հաստատել խորհրդարանը, կշարունակեն ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները:
Իրանը խորհրդարանը չի հաստատել կրթության նախարարի, գիտական, հետազոտական ու տեխնոլոգիական գործերով գերատեսչության ղեկավարի, ինչպես նաև սպորտի ու երիտասարդության նախարարի պաշտոնները: