
Թուրքիան կտրականապես դեմ չէ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության առաջացմանը. Hürriyet Daily News

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անկարան հայտարարել է, որ կտրականապես չի առարկի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի հայտնվելուն: Այս մասին հայտարարել է Սիրիայի քրդերի առաջնորդ Սալեհ Մուսլիմի հետ բանակցությունների թուրք մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ներկայացուցիչները Մուսլիմի հետ հանդիպել են դեռևս օգոստոսի 14-ին: Դրանից առաջ Մուսլիմը Թուրքիա էր ժամանել հուլիսի վերջին:
Բանակցությունների ժամանակ նրանք ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ են ընդունել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության հայտնվելը. համապատասխան որոշումը պետք է ընդունվի Սիրիայի խորհրդարանի կողմից՝ այնտեղ դեմոկրատական վարչակարգի հաստատումից հետո:
Թուրքական կողմի հետ բանակցություններում Մուսլիմն ընդգծել է, որ ներկայումս իրենք իրենց ապագան տեսնում են միայն Սիրիայի կազմում և չեն ձգտում ինքնավարության կամ անկախության: