ԵՄ-ը մոտ ժամանակներս կհրավիրի արտակարգ հանդիպում՝ կապված Եգիպտոսի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը մոտ ժամանակներս արտակարգ հանդիպում է գումարելու՝ կապված Եգիպտոսում ստեղծված իրավիճակի հետ: Արտգործնախարարների մակարդակով անցկացվելիք տվյալ հանդիպման ժամանակ մշակվելու է ընկերակցության 28 անդամ երկրների միասնական դիրքորոշումը տվյալ հարցում:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունը: Վերջինս հավելել է, որ օգոստոսի 19-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի Խորհրդի տեխնիկական նիստը, ինչն անցկացվելու է ընկերակցությունում բոլոր երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով, և որում հստակեցվելու է նախարարների մակարդակով հանդիպման ժամկետը:
Սրանից առաջ Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոր ափսոսանք է հայտնել Եգիպտոսում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ և բոլոր կողմերին զսպվածության ու երկխոսության կոչ է արել: Փորձագետներն ընդգծում են, որ ներկայումս ԵՄ-ն ունի չափազանց սահմանափակ լծակներ՝ Եգիպտոսում ստեղծված իրավիճակի վրա ներազդելու համար: