
Բաշար Ասադին աջակցող ցանցահենները հարձակվել են ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սիրիական էլեկտրոնային բանակի» (SEA) ցանցահենները կոտրել են Outbrain կայքը, որի միջոցով կարողացել են մանիպուլացնել CNN հեռուստաալիքի կայքի և Time ամսագրի հղումները: Այս մասին հայտնել է տուժած ռեսուրսի փոխնախագահ Լայզա Լակուրը:
Դրանից առաջ էլ հաղորդվել էր, թե SEA-ի ցանցահենները կոտրել են The Washington Post թերթի կայքը: Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ կիբեր հանցագործները դրա մեջ ներթափանցել են նաև Outbrain-ի միջոցով:
Լայզա Լակուրի խոսքերով՝ երբ որոշ ընթերցողներ փորձել են Outbrain-ի միջոցով բացել Time-ի ու Washington Post-ի հղումները, նրանք ինքնաբերաբար հայտնվել են SEA-ի էջում: CNN հեռուստաալիքի կայքում որոշ ժամանակով հայտնվել է «Կոտրվել է SEA-ի կողմից» հաղորդագրությունը:
Նշվում է, որ SEA-ն աջակցում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: