
Օբաման չեղյալ է հայտարարել Եգիպտոսի հետ պլանավորած համատեղ զորավարժությունների անցկացումը

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» զորավարժությունների անցկացումից, որոնք սովորաբար անցկացվում են ամեն տարի:
Դրա հետ մեկտեղ Օբաման չեղյալ չի հայտարարել կամ չի կրճատել Կահիրեին հատկացվող ռազմական ու ֆինանսական օգնությունը, որը կազմում է մոտ 1.3 միլիարդ դոլար: Օբաման հակամարտող կողմերին կոչ է արել տեղի ունեցածի համար չմեղադրել ԱՄՆ-ին, քանի որ միայն Եգիպտոսի ժողովուրդը կարող է որոշակիացնել իր ապագան:
Օբաման նաև դատապարտել է բռնության լայն կիրառումը Եգիպտոսում, որից չեն խորշում հակամարտող կողմերը՝ ընդգծելով, որ այդ ուղին կարող է շատ վտանգավոր լինել Եգիպտոսի համար: Օբամայի խոսքերով՝ եգիպտացիները պետք է պայմաններ ստեղծեն ազգային միասնության համար և սկսեն բանակցություններ:
Օբաման վերստին խուսափել է նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը որպես զինվորական հեղաշրջում որակելուց, ինչն ԱՄՆ-ին օրինական հնարավորություն է ընձեռում համագործակցել Եգիպտոսի նոր իշխանությունների հետ: