
Սնոուդենը սկսել է գաղտնի տվյալներ հավաքել նախքան ԿՀՎ-ում աշխատանքի տեղավորվելը. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գաղտնի տվյալներ հրապարակելու մեջ մեղադրվող Էդվարդ Սնոուդենը սկսել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման ծրագրի մասին տեղեկատվություն հավաքել դեռ մինչև Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցելը:
Այս մասին գործակալությանը հայտնել են Սնոուդենի գործի հետաքննմանն իրազեկ աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ Սնոուդենը գաղտնալսման ծրագրին առնչվող փաստաթղթեր սկսել է հավաքել 2012 թվականի ապրիլին: Այդ ժամանակ նա աշխատում էր Dell կորպորացիայում, ուր աշխատանքի էր տեղավորվել 2009 թվականին:
Երբ Սնոուդենը բեռնել է առաջին գաղտնի նյութերը, Dell-ում նրա աշխատանքը կապված է եղել Ազգային անվտանգության գործակալության հետ՝ կապված տվյալներ հավաքելու հետ, որոնք փոխանցվել են օպտիկամանրաթելային մալուխների, այդ թվում նաև անդրօվկիանոսյան մալուխի միջոցով:
Ավելի վաղ համարվում էր, թե Սնոուդենը սկսել է հատուկ ծառայությունների տվյալները հավաքել միայն այն բանից հետո, ինչ աշխատանքի տեղավորվեց ԿՀՎ-ի Booz Allen Hamilton կապալառու ընկերությունում, այսինքն՝ 2013 թվականի մարտին: Նա տվյալ ընկերությունում հայտնվել էր հատուկ նրա համար, որ իր համար մատչելի լինեն հավելյալ գաղտնի փաստաթղթերը: