Ինչպես են Գլենդելի հայերը բանկային քարտի տվյալներ գողացել և բենզին վաճառել. Գործի մանրամասները
Մարդկանց անհատական բանկային տվյալները գողանալու մեղադրանքով երեքշաբթի օրը Գլենդելում ձերբակալվել են 7 հոգի, որոնց մեծ մասը հայեր են։ Ինչպես գրում է Glendale News-Press-ը, այս խմբի գործողություններից տուժել են հազարավոր մարդիկ, իսկ գողացված տվյալներն օգտագործվել են հիմնականում բենզին գնելու համար։
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը մեղադրվում են ապօրինի սարքեր պատրաստելու մեջ, որոնք օգտագործվել են զոհերի բանկային հաշիվների մասին տվյալներ ստանալու համար։ Ինչպես տեղեկացրել է Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Դեն Սաթլզը, նրանք նաև պատրաստել են կեղծ պլաստիկ քարտեր, դրանցով գնել են բենզին, որն այնուհետև վերավաճառել են։
«Ահա թե ինչպես են նրանք գումարներ կուտակել»,- ասել է Սաթլզը՝ ավելացնելով, որ խմբի գործունեությունից տուժողների կրած վնասը կարող է հասնել մի քանի հարյուր հազար դոլարի։
Ոստիկանները ձերբակալվածների տնից խուզարկության արդյունքում հայտնաբերել են զենքեր, բանկային քարտեր, ինքնաշեն քարտային սարքեր, համակարգչային տեղնիկա և 60 հազար դոլար կանխիկ փող։
Ըստ ոստիկանության վարկածի՝ խմբի անդամները սարքերը տեղադրել են բենզալիցքավորման կայաններում։ Գողացել են բենզին գնողների տվյալները, պատրաստել նոր քարտեր և դրանցով լիցքավորել իրենց հատուկ սարքավորված Ford F-350-ը։ Ըստ պարբերականի՝ այն տեղավորել է մոտ 300 գալոն (մոտ մեկ տոննա) բենզին։ Այնուհետև ուղևորվել են դեպի Լոս-Անջելեսի՝ բեռնատարների ավտոկայանատեղի, որտեղ բենզինը վաճառել են կես գնով։
«Դա կարող էր չափազանց վտանգավոր լինել։ Ինքնաշեն բաքի միջոցով բենզինը քաղաքով տեղափոխելը կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Մինչև այս խմբի ձերբակալությունը Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի միավորումը 7 ամիս հետաքննում էր գործը՝ ողջ շղթան բացահայտելու նպատակով։
Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ պատահական դեռ այս տարվա հունվարին։ Ոստիկանությունը կանգնեցրել էր Մկրտչյանի և Եզգաթյանի մեքենան՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։ Տվյալները ստուգելիս պարզ էր դարձել, որ Մկրտչյանին որոնում է նաև Օրանժ Քաունիթիի շերիֆի վարչությունը։ Ոստիկանները Մկրտչյանի մոտ պատահաբար հայտնաբերել էին նաև վերակոդավորված բանկային պլաստիկ քարտ և ձերբակալել զույգին։
Խուզարկուները այս զույգին պատկանող կլինիկայի խուզարկության արդյունքում հայտնաբերել էին քարտերի վերակոդավորման համար նախատեսված սարքավորումներ։
Այնուհետև գործին կցվում են նաև Լոս Անջելեսի ոստիկանությունը, Գլխավոր դատախազի գրասենյակը, ԱՄՆ գաղտնի ծառայությունը և Օրանժ Քաունթիի շերիֆի վարչությունը։ Հետաքննության արդյունքում պարզվում է, որ այս շղթային մասնակից են ևս 7 հոգի։
Ոստիկանությունն այժմ հետախուզում է հայտարարել Հրաչ Քեյոյի, Վաչիկ Բաբայանի և Եզգաթյանի նկատմամբ։ Ձերբակալվել է նաև Բաբայանի կինը՝ Կարինեն, որի դրամապանակի մեջ կեղծ պլաստիկ քարտեր են հայտնաբերվել։