Տիգրան Ուրիխանյանը՝ Պուտինի հայտարարության մասին. Եթե ասվում է՝ քաղաքական ճանապարհով, նշանակում է՝ ոչ ռազմական ճանապարհով
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե երեկ Բաքվում Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումն ի՞նչ նպատակներ էր հետապնդում: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները ռազմավարական, գործակցային, բարեկամական հարթության մեջ են: Մենք պետք է էլ ավելի զարգացնենք երկկրողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով` ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային: Որևէ այլ տեսակետ չունեմ: Ռուսաստանի Դաշնությունն, ինչպես ցանկացած պետություն, ունի իր շահերն ու հետաքրքրությունները և, ըստ այդմ, կառուցում է իր հարաբերությունները այլ պետությունների հետ»:
Մեր հարցին, թե արդյոք մտահոգիչ չպե՞տք է լինի Հայաստանի համար Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը, ինչի մասին խոսում էր Վլադիմիր Պուտինը՝ նա նշեց. «Չս չէի ուզենա ասածս լրացուցիչ բացատրություններով համեմել»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին Վ. Պուտինի հնչեցրած հայտարարությանը, թե հարցը պետք է քաղաքական մեթոդներով լուծել, ԲՀԿ խոսնակը նշեց, թե Ռուսաստանը մշտապես խոսել է այն մասին, որ հարցը պետք է ռազմական ճանապարհով չլուծվի: «Եթե ասվում է՝ քաղաքական ճանապարհով, նշանակում է՝ ոչ ռազմական ճանապարհով»,- ավելացրեց նա: