
Աբխազական հակամարտությունն այսօր դարձավ 21 տարեկան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում նշում են Աբխազիայում հակամարտության սկսվելու 21-ամյակը: 1992 թվականի օգոստոսի 14-ին Աբխազիայում սկսվեցին ռազմական գործողություններ:
Աբխազական պատերազմը տևել է 13 ամիս ու 13 օր և ավարտվել է 1993 թվականի սեպտեմբերի 27-ին՝ վրացական կողմի պարտությամբ: Աբխազական զորքերը 1993 թվականի սեպտեմբերի 30-ից դիրքեր զբաղեցրին Ինգուրի գետի երկայնքով:
Մինչև վերջ չհաստատված տվյալներով՝ վրացական կողմից 1992-1993 թվականների այդ իրադարձությունների ժամանակ զոհվել է ավելի քան 10.000 զինծառայող ու խաղաղ բնակիչ: Եվս 2000 քաղաքացի Աբխազիայում սպանվել է պատերազմին հաջորդած առաջին ամիսներին: Մոտ 300.000 մարդ դարձավ փախստական: Անհետ կորածների քանակը կազմում է 1800 մարդ, որոնց կեսը զինվորականներ են: