Սիրիական ընդդիմությունն այսօր Ստամբուլում հաստատելու է անցումային շրջանի «ճանապարհային քարտեզը»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի պատվիրակներն այսօր հավաքվում են Ստամբուլում՝ հաստատելու համար անցումային շրջանի «ճանապարհային քարտեզը»:

Տվյալ փաստաթուղթը միտված է ազգային հաշտեցման ձեռք բերմանը և արդարության վերականգնմանը: Դրանով նախատեսվում է վերափոխումներ անցկացնել Սիրիայում՝ այն վերածելով նախագահա-խորհրդարանական հանրապետության և վերադարձնել 1950 թվականի Սահմանադրությունը:

Փաստաթուղթը հավասարություն է հաստատում իշխանական երեք ճյուղերի միջև՝ օրենսդիր, գործադիր և դատական: Ընդ որում, պետության ղեկավար կարող է լինել միայն սուննի-մուսուլմանը: Այն արգելում է կրոնական, ռասայական ու դոկտրինյոր հենքով կուսակցությունների ստեղծումը:

Անցումային շրջանի ծրագիրը բաղկացած է 200 էջից և պատրաստվել է իրավական ոլորտի փորձագետների խմբի կողմից: Սիրիական ընդդիմությունը մտադիր է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի գահընկեցությունից հետո բարեփոխել երկրի իրավապահ մարմիններն ու ուժային կառույցները: Նախատեսվում է, որ մարդկության դեմ հանցանք գործածները կանգնելու են տրիբունալի առջև:

Տեսանյութեր

Լրահոս