Քաղաքական ուժերին մտահոգել է Պուտինի այցն Ադրբեջան
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտահոգիչ է գնահատում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այս այցը։ Նա, այդուհանդերձ, համոզված է, որ այս աշխատանքային այցով Ռուսաստանի դիրքորոշումը չի փոփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
«Բնականաբար մեզ համար թշնամի պետության հետ ցանկացած երկկողմ հարաբերություն մեր գործընկեր երկրներից պետք է մտահոգի, որովհետև այնուամենայնիվ հարաբերության մի կողմը մնում է Ադրբեջանը, որը հայտնի է իր ավանտյուրիստական մոտեցմամբ քաղաքականությանը և Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պետության հետ հարաբերությունը շահարկել կամ, այսպես ասած, աղավաղելով ներկայացնել տարածաշրջանային իր գործողությունները»,- ասել է Ա. Զաքարյանը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ լրագրողների հետ հանդիպմանը որոշակի մանրամասներ է ներկայացրել Պուտինի այսօրվա այցի վերաբերյալ։ Նա նշել է, որ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ քննարկելու են տարածաշրջանային և միջազգային քաղաքականության առանցքային թեմաները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։
Չնայած իշխող քաղաքական ուժի լավատեսական գնահատականներին, ընդդիմադիր դաշտում մտահոգություններն առավել արտահայտված են, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մտահոգիչ է գնահատում Պուտինի այցը Ադրբեջան։ Նա մանրամասնում է, որ սա ուղերձ է նաև Հայաստանին․ «Այս փուլում, երբ կարծես անտեսվում է նաև Սերժ Սարգսյանի հրավերը Պուտինին և Պուտինը այցելում է Ադրբեջան, հստակ ուղերձ է Հայաստանին, թե ինչպիսի կողմնորոշում կարող է նաև ապագայում լինել»:
ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ ղարաբաղյան հարցի քննարկումը Ալիևի ու Պուտինի կողմից չի կարող մտահոգիչ չլինել, հատկապես, երբ առաջիկայում Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկում անցկացնելու մասին խոսք չկա։ Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է մեղադրում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատացման համար։ Կարապետյանը նշում է, որ Սարգսյանը չկարողացավ հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Նրան հակադարձում է Հանրապետականի ներկայացուցիչ Զաքարյանը՝ հերյուրանքներ համարելով ինչպես Սարգսյանի հասցեին հնչեցված քննադատությունները:
Մեկ այլ քաղաքական ուժի՝ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ևս կարծում է, որ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ թունավորված են: Պատճառը, ըստ նրա, Հայաստանի` Եվրոպական միության հետ սերտացող հարաբերություններն են, և Պուտինի այցը հստակ ուղերձ է պարունակում:
«Առայժմ այդ ուղերձը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Մոսկվան փորձում է ռազմավարական գործընկերություն հաստատել Հայաստանի ախոյանի հետ», – մեկնաբանում է Սաֆարյանը:
Կարդացեք այստեղ.