Ինչու է Վազգեն Մանուկյանը խնդրել հետաձգել տաքսիների վարորդների ակցիան
Քիչ առաջ «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 16-ին կայանալիք տաքսիների վարորդների կողմից հայտարարված ակցիան հետաձգվում է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խնդրանքով:
168.am-ը «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ Գևորգ Դոստուրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը խնդրել հետաձգել ակցիան և ի՞նչ է առաջարկել դրա դիմաց: Ի պատասխան Գ. Դոստուրյանն ասաց, թե Հանրային խորհրդի նախագահը պարզապես արձակուրդում է ու խնդրել է հետաձգել ակցիան՝ դրան մասնակցելու համար:
«Վազգեն Մանուկյանը արձակուրդում է, նախարարությունում էլ արձակուրդում են` որևէ լուրջ մարդ չկա, որ պատասխան տա: Դրա համար խնդրեց՝ հետաձգենք, որ մարդիկ արձակուրդից վերադառնան ու կարողանան մի նորմալ պատասխան տան»,- նշեց Գևորգ Դոստուրյանը: Նրա խոսքով, վարորդները սկզբում լսելով հետաձգման մասին՝ դժգոհել են, բայց հետո դժվարությամբ համաձայնել են: «Նրանք պնդում էին, որ անպայման պետք է անցկացվի, բայց մենք փորձեցինք համոզել ու ստացվեց: Այսօր փոխնախարար Ավետիսյանն ա էնտեղ, բայց չես հասկանում…: Տաքսիստները իրոք զզված են, խոսքեր չեմ գտնում բացատրելու, թե ոնց են զզված էս ամեն ինչից, դրա համար շատ դժվար եղավ համոզելը»,- ասաց նա:
Ակցիան տեղի կունենա օգոստոսի 26-ին ժամը՝ 12.00-ին Երեւանի Էրեբունու թանգարանի մերձակա հրապարակում: Այնհետև վարորդները շարասյուններով կշարժվեն դեպի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն: