Բոլոր հարցերում Բաքուն ու Մոսկվան ունեն շատ մոտ դիրքորոշումներ. Իլհամ Ալիև
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է ռուս նախագահի այցի կարևորությունը, ինչը հավելյալ հնարավորություն է տալիս քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը.
«Մեր համագործակցությունը գործնականում ընդգրկում է բոլոր ոլորտները՝ տնտեսական փոխգործակցություն, հումանիտար ոլորտ, տրանսպորտ, տարածաշրջանային անվտանգություն: Բոլոր հարցերում մենք ունենք շատ մոտ դիրքորոշումներ»:
Վլադիմիր Պուտինն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման ու դասավանդման մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հիմք է հանդիսանում երկկողմանի համագործակցության բոլոր այլ ուղղությունների համար: Համագործակցության մասին խոսելիս Պուտինն ուշադրություն է հրավիրել իր հետ բերած մեծ պատվիրակության կազմի վրա:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, Роснефт ընկերության ղեկավար Իգոր Սեչինը և Лукойл ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը: