
PKK-ն ներկայումս չի ցանկանում լքել Թուրքիայի ռազմավարական շրջանները

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսին հայտարարել է, որ երկիրը լքել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)-ի 15 տոկոսը: Դրանից հետո այդ գործընթացն արագություն հավաքեց և հուլիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմեց 25 տոկոս (մեկ ամսում 10 տոկոսանոց աճ): Այդ մասին են վկայել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT), Ժանդարմերիայի ու Անվտանգության ծառայության զեկույցները:
Սակայն այժմ ի հայտ է եկել «ռազմավարական շրջանի» ճգնաժամը: Հետախուզական զեկույցներում նշված է, որ PKK-ն մինչև վերջին պահը չի ցանկանում լքել այն շրջանները, որոնք նրա համար ներկայացնում են ռազմավարական մեծ կարևորություն: Խոսքը գնում է Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանի, Զագրոսի լեռների, Թունջելիի, Արարատ լեռան և այլ շրջանների մասին:
Այս շրջանները լքելը թողնվել է ամենավերջին պահին, մինչդեռ պետական կառույցները պահանջում են, որ PKK-ի դուրս գալու գործընթացն իրականացվի ամբողջությամբ: Դա կարագացնի խորհրդարանում բարեփոխումների փաթեթի քննարկումն ու ընդունումը: Զեկույցներում նշված է, որ շատ PKK-ականներ ցանկանում են անցում կատարել նորմալ կյանքին: