Բաժիններ՝

Այսօր Կուբայում նշում են Ֆիդել Կաստրոյի 87-ամյակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կուբայում նշում են հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 87-ամյակը (1926): Այդ կապակցությամբ Հավանայում անցկացվելու է համերգ և տեղի է ունենալու «Ֆիդել Կաստրո՝ գաղափարների զինվոր» գրքի շնորհանդեսը:

Նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Կաստրոն ոչ մի անգամ ներկա չի գտնվել իր ծննդյան տարեդարձերի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին: Ակնկալվում է, որ այս տարի նույնպես կպահպանվի այդ ավանդույթը:

Վերջին անգամ նա հանրության առջև երևացել է ընթացիկ տարվա սկզբին, երբ մասնակցում էր մի ուսումնական համալսարանի բացման արարողակարգին: Այդ ժամանակ նա ժողովրդի հետ շփվել է երկու ժամ:

Ֆիդել Կատրոն ղեկավարել է Կուբական հեղափոխությունը, որը 1959 թվականին կործանել է Կուբայի դիկտատոր՝ գեներալ Ֆուլխենսիո Բատիստային։ Նույն տարում Կաստրոն դարձել է Կուբայի վարչապետ։ 1965 թվականին նշանակվել է Կուբայի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար և հետևաբար ղեկավարել է Կուբայի փոխակերպությունը դեպի սոցիալիստական հանրապետություն` բաղկացած մեկ կուսակցությունից։

1976 թվականին նա նշանակվել է Կուբայի նախագահ։ Կաստրոն Կուբայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է և ունի զինված ուժերի ամենաբարձր աստիճանը՝ Comandante en Jefe («գլխավոր հրամանատար»)։ Կաստրոն ղեկավարել է Կուբան իբրև նախագահ մինչև 2008 թվականի փետրվարի 24-ը։ Ընդհհանուր առմամբ, 1959 թվականից հետո Կաստրոյի նկատմամբ ձեռնարկվել է 638 մահափորձ:

Ի դեպ, 12 տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ 2004 թվականին Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում գտել են երիտասարդ Ֆիդելի նամակը։ Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում է. «Եթե Ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ, ուղարկեք ինձ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ։ Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ։ Ձեր ընկեր Ֆիդել Կաստրո»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս