Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպա՞ն
Այս օրերին ներիշխանական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը կրկին նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Ըստ որոշ աղբյուրների, սակայն, այդ լուրերը մասամբ են համապատասխանում իրականությանը, քանի որ նա ոչ թե ղեկավարելու է դեսպանատան առօրյա աշխատանքը, այլ լինելու է ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում, ինչպես, օրինակ, Շառլ Ազնավուրը՝ Շվեյցարիայում:
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ակտիվ գործարար, բարեգործական և հասարակական գործունեությունը: Լոնդոնում նա հիմնականում զբաղվելու է հանդիսակարգային, արարողակարգային, կարևոր քաղաքական խնդիրներով, քանի որ մեծապես ճանաչված, հարգված գործիչ է և բրիտանական կառավարությունում, և բրիտանական արքունիքում, ամենուր ունի լայն շփումներ և տասնամյակների փորձ: Այդպիսով, դառնալով ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում Արմեն Սարգսյանի գլխավոր նպատակն է լինելու՝ սատարել հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների խորացմանը և զարգացմանը:
Ի դեպ, պարզվում է՝ Արմեն Սարգսյանը դուրս է կել «Լիդիան» կանադական հանքարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անդամությունից, և դրա պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ նա լինելով Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ, ի պաշտոնե պարտավոր է աջակցել կանաչ էներգետիկայի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հիմնադրել և իրականացնում է նաև «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը: Վերջերս՝ մայիսի 28-30-ը Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան էր այցելել Ուելսի արքայազն Չարլզը` Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ժառանգը, որպեսզի նա տեսնի Երևանի ճարտարապետական ժառանգության ավանդույթների պահպանման հետ կապված աշխատանքները, որոնք ընթանում են «Երևան, իմ սեր» ծրագրերի շրջանակում: «Երևան, իմ սեր» հիմնադրամը խոշոր բարեգործական, Երևանի ճարտարապետամշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված ծրագիր է, որը նպատակ է հետապնդում պահպանել ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, և կրկին կիրառելի դարձնելով դրանք` բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները: «Երևան, իմ սեր» ծրագիրը Կոնդ համայնքում, Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությամբ վերակառուցում է պատմական շենքեր, որոնք կլինեն Մոր և մանկան ապաստան, ինչպես նաև մսուր հաշմանդամ երեխաների համար և կենտրոն` համայնքային գործունեության համար:
Այն նաև մի քանի շենքեր է վերակառուցելու Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որտեղ գործելու են արվեստի, արհեստի և համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, կլինեն թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ և բացօթյա ամֆիթատրոն, որոնք ծառայելու են ընչազուրկ ընտանիքներին,մասնավորապես երեխաներին:
Արմեն Սարգսյանն այդ օրերին Երևան էր հրավիրել նաև բրիտանացի ճարտարապետ լորդ Րենդլ Սիդելին, ով ներկայացրել էր « Երևան, իմ սեր» ծրագրերի մաս կազմող Երևանում «Հայ Փարք» հիմնադրելու նախագծի մանրամասները` Ազգային զբոսայգու, որը միավորելու է աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի հետ: «Այս ջանքերն ուղղված են երազանքների, որոնք իրականություն են դառնալու»,- ասել էր Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ երազում է այն օրը, երբ կտեսնի ուսումնական ծրագրերին մասնակցելու նպատակով Շոտլանդիա մեկնող հայ ուսանողներին:
Ըստ yerevanmylove.com-ի «Երևան, իմ սեր»-ը շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականության պահպանմանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում է ապագա սերունդներին: Ա. Սարգսյանը եղել է «Դամֆրիների տուն» ծրագրի աջակիցը: «Տարիներ առաջ ինձ ոգեշնչել էր Դամֆրիների տունը և այսօր կարող եմ ասել, որ առավել մեծ երազանք ունեմ` տեսնելու «Երևան, իմ սեր» նախագծի, «Դիլիջանի միջազգային դպրոցի» և «Դամֆրիների տուն» համագործակցությունը»,-ասել է Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում գտնվելու ընթացքում արքայազն Չարլզն հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այցելել Մատենադարան, Խոր Վիրապի վանական համալիր, Գեղարդի տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և այլ պատմամշակութային վայրեր: