«Շատ կցանկանայի, որ շիրմաքարը տեղադրելու ժամանակ ամուսինս ընտանիքի կողքին լիներ». Ասում է Հրաչյա Հարությունյանի կինը
Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը մինչ օրս Հրաչյա Հարությունյանի հետ անգամ հեռախոսազրույց չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը:
Նա նաև հավելեց, որ ամուսնուց նորություն չունի՝ նշելով, որ Հ. Հարությունյանի փաստաբանը խնդրել է սպասել մինչև դատի ավարտը: «Մեզ ասաց՝ համբերենք մինչև դատը վերջանա»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենք հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի:
«Մենք ապրում ենք էն հույսով, որ լավ կլինի, դատից հետո կբերենք Հայաստան: Ես փաստաբանին վստահում եմ, գիտեմ, որ կանի ամեն բան»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը: Թեպետ տիկին Անահիտն անձամբ Հրաչյայի փաստաբանի հետ չի զրուցել, այնուամենայնիվ, նշեց, որ դատապաշտպանն ասել է, որ ամեն ինչ լավ է, »Հրաչյան բուժումները նորմալ անցնում է». «Ասում են լավ ա վիճակը, հույս ունենք, որ լավ կլինի»:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը շարունակո՞ւմ է օգնել իրենց, ինչին ի պատասխան Անահիտ Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա ցավով նշեց. «Հիմա էլ չեն օգնում: Առաջին օրերին էր տենց: Օգնելու բան էլ չկա: Կարևորը երեխու գերեզմանն ա, տապանաքարը շուտով պատրաստ կլինի»:
Նա նաև նշեց, թե շատ կցանկանար, որ շիրմաքարը տեղադրելու ժամանակ ամուսինն ընտանիքի կողքին լիներ, միևնույն ժամանակ ընդգծելով, թե գիտակցում է` դա հնարավոր չէ. «Դժվար՝ թողնեն գա: Անգամ Մոսկվայում բարեկամներ ունենք, որ իրանց էլ թույլ չեն տալիս տեսնել նրան, ուր մնաց թողնեն գա Հայաստան: Ուտելիքը, հագուստը տանում են Հրաչյային, բայց չեն թողնում տեսնեն նրան»: