Բաժիններ՝

Google Maps-ը զայրացրել է ադրբեջանցիներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google Maps ծառայությունը «հերթական սադրիչ քայլն է իրականացրել» Ադրբեջանի հանդեպ: Այս մասին հատնել է Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Վերջինս ընդգծել է, որ Google Maps-ի մշակած 3D մոդելում Դրոշի հրապարակում տեղակայված Ադրբեջանի դրոշը պատկերված է պատռված վիճակում: Նախարարությունը տվյալ խնդրի լուծման համար ինտերնետից օգտվողներին կոչ է արել բողոք հղել Google ընկերությանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում բացվել էր Պետական դրոշի հրապարակը, որի կառուցումը տևել է 3 տարի և արժեցել է 25 միլիոն դոլար։ Այնտեղ տեղակայվել էր 163 մետրանոց դրոշակաձողը, որի վրա փակցվել էր Ադրբեջանի վիթխարի դրոշը (չափերը՝ 35×70 մետր)։ Սակայն դրանից 2 օր անց՝ սեպտեմբերի 3-ին, քամին պատռել էր դրոշը, և այն փոխարինվել էր նորով։

Նմանատիպ դեպքեր շատ են կրկնվում։ Բացի այդ, դրոշակաձողի հիմքը ցնցվել է, և մտավախություններ կան, որ այն կարող է ընկնել մոտակայքում գտնվող բնակելի շենքի վրա, որում բնակվում էր գրեթե 70 ընտանիք՝ մոտ 200 մարդ: Այդ պատճառով որոշվել էր տեղահանել 9 հարկանի այդ շենքի բնակիչներին:

Ի դեպ, 2011 թվականի օգոստոսի 31-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղակայվել է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը. այն ունի 165 մետր բարձրություն, գագաթին ծածանվում է Տաջիկստանի դրոշը։ 2012 թվականի աշնանն էլ Թեհրանում բացվել է իր մեծությամբ ու բարձրությամբ աշխարհի երրորդ պետական դրոշի հրապարակը: Դրոշակաձողի բարձրությունը 150 մետր է, իսկ հրապարակի տարածքը` 1000 քառակուսի մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս