
Վերջին 10.5 տարում 5 անգամ աճել է թուրքական ռազմական արտադրանքի արտահանումը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման 10.5 տարվա ընթացքում ռազմական արդյունաբերությունը մեծ առաջընթաց է գրանցել՝ հասնելով ռազմական կարիքների ինքնաապահովման 54 տոկոսի:
Միևնույն ժամանակահատվածում 5 անգամ աճել է պաշտպանական ու օդա-տիեզերական արտադրանքի արտահանման ծավալը՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի: Թուրքիան նպատակադրվել է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) տեղ զբաղեցնել տվյալ ոլորտում աշխարհի առաջատար 10 երկրների թվում:
Դրա շրջանակներում արդեն իսկ իրականացվել են թուրքական արտադրության առաջին տանկի (Altay), առաջին օպերատիվ անօդաչու թռչող սարքի (ANKA), առաջին ռազմանավի (MILGEM), առաջին (հետևակի) հրացանի (MRT) և առաջին ուսումնական սիմուլյատորների արտադրման նախագծերը:
Մինչև 2023 թվականն իրականացվելիք նախագծերի թվում նշվում են ռեակտիվ ուսումնական ինքնաթիռը, հետախուզական արբանյակը, կործանիչ ինքնաթիռը, դեսանտային նավը, TF 2000 ֆրեգատը, միջին դասի ուղղաթիռը: