Թուրքիան հերքել է, որ Սիրիայում առևանգված հոգևորականները պահվում են իր տարածքում
Daily News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ վերջին շրջանում հաճախակիացել են խոսակցությունները, թե ավելի քան երեք ամիս առաջ (ապրիլի վերջերին) Հալեպի մոտ առևանգված Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտներ Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմը և Նորին Սրբազնություն Պողոս Յազիգը պահվում են Թուրքիայում.
«Այդ հաղորդումներն իրատեսական չեն և ափսոսանք են հարուցում: Ակնհայտ է, որ դրանք ծառայում են մի շարք շրջանակների անձնական շահերին և Թուրքիային բարդ դրության մեջ դնելու նպատակին: Թուրքիան ցանկանում է, որ եպիսկոպոսները հնարավորինս շուտ ազատ արձակվեն, և այդ նպատակով գործադրում է բոլոր ջանքերը:
Սակայն առևանգումը տեղի է ունեցել Թուրքիայի սահմաններից դուրս, և դրանով իսկ սահմանափակված են մեր հնարավորությունները: Թուրքիան, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ, իր ուժերի սահմաններում սեփական ներդրումն է ունենում եպիսկոպոսների ազատ արձակման հարցում»: