
Իրակլի Ալասանիան Գերմանիայում կհանդիպի Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում, գերատեսչության ղեկավարից բացի, ընդգրկվել են նաև փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին ու Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան:
Այցի ընթացքում վրացական պատվիրակության անդամներն այցելելու են Գերմանիայում ԱՄՆ «Հոհենֆելս» բազա, ուր նախապատրաստություն են անցնում Աֆղանստան մեկնել պատրաստվող վրացի զինծառայողները:
Բացի այդ, Իրակլի Ալասանիան հանդիպելու է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դոնալդ Քեմփբելի հետ: