Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը
BFM.Ru-ի փոխանցմամբ` ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին, ով հուլիսի 26-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Ոստիկանության տվյալներով` 38-ամյա Առաքելյանը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Արտյոմ Լիպեցկի»: Նրան ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` սահմանային վերահսկողությունն անցնելիս: «Օրենքով գողը» մայրաքաղաք է ժամանել Անթալիայից:
Ոստիկանությունն ընդգծել է, որ Առաքելյանին կասկածում են հանցագործ Սաշա Աբբասին առևանգելու և սպանելու մեջ, ով եղել է Լիպեցիկի մարզի Չապլիգին քաղաքի «նայողը»:
2012 թվականի հոկտեմբերին Արտյոմ Առաքելյանը ձերբակալվել է Մոսկվայում անցկացված «գողական սխոդկայի» ժամանակ և դատապարտվել մինչև վեց ամսվա ազատազրկման: Նույն թվականի ամռանը նա «թագադրվել» էր «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) կլանում, ով այս տարվա հունվարին սպանվեց Մոսկվայում: