Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի փաստաբան. Ինֆորմացիան փոքր-ինչ խեղաթյուրված է

Ըստ ИА REGNUM ռուսական լրատվամիջոցի` Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը մեկնել է հանգստի և նրան փոխարինում է օգնականը` Անիկինը: Լրատվամիջոցը նաև ներկայացնում է, որ Մարգարյանի աշխատանքը դժվարանում է հայերենին չտիրապետելու պատճառով:

ՄԻՊ-ի խորհրդական Երանուհի Թումանյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ այսօր իրենք հեռախոսազանգ են ունեցել Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ և ներկայացրել է գործի հետ կապված վերջին զարգացումները և նշել, որ վերոնշյալ ինֆորմացիան փոքր-ինչ խեղաթյուրված է.

«Իրականում ինֆորմացիան մի փոքր խեղաթյուրված է ներկայացված. դեռ ի սկզբանե հայտարարվել էր, որ փաստաբանների խումբ է լինելու, որը ղեկավարելու է Ռուբեն Մարգարյանը, այսինքն՝ գործում է փաստաբաններից կազմված խումբ, և Անիկինը ոչ թե փաստաբանին փոխարինող է, այլ պարզապես այդ խմբի փաստաբաններից, ով նույնպես այդ ոլորտում մասնագիտացված ու պրոֆեսիոնալ փաստաբան է:

Լեզվի հետ կապված, բնականաբար, խնդիր կա, բայց դա ոչ թե կապված է փաստաբանի հասկանալու կամ չհասկանալու հետ, այլ օրենսդրության, ընդհանրապես թե՛ ՀՀ և թե՛ ՌԴ օրենսդրության: Յուրաքանչյուր քննչական գործողություններում, երբ կարող են անհասկանալի հասկացություններ լինել, ցանկալի է, որ լինի թարգմանիչ, բնականաբար, երբ իրականացվում են քննչական գործողությունները, միշտ ներկա է լինում քննիչների կողմից առաջադրվող թարգմանիչը, ինչ վերաբերում է ուղղակի թարգմանչի, հենց այսօր միջնորդություն է ներկայացվել համապատասխան քննիչի, որ բացի այն հիմնական թարգմանչից, ով ներկա է գտնվում հիմնական քննչական գործողություններին, լինի առանձին թարգմանիչ, որ մշտապես ուղեկցի և լինի փաստաբանների հետ: Միջնորդությունը այսօր է ներկայացվել, պատասխանը տալիս են եռօրյա ժամկետում»:

ՄԻՊ-ի խորհրդականը ներկայացրել է նաև նորություններ փորձաքննության ընթացքից.

«Այս ընթացքում դիակների փորձաքննություններ են եղել, այստեղ այլ խնդիր է` մահացության դեպքերի հետ կապված փորձաքննություններ, ինչ վերաբերում է մեքենայի հետ կապված հիմնական փորձաքննությանը, որը և անհանգստացնում է բոլորին, դա ընդամենը եղել է որոշում փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դրա արդյունքները չկան:

Ռուբեն Մարգարյանը, օրինական արձակուրդի մեջ լինելով, տիրապետում է ամբողջ տեղեկությանը և փոխանցում մեզ, և գործի ընթացքն էլ որևէ կերպ չի տուժի իր արձակուրդի պատճառով, քանի որ փաստաբանների խումբ է աշխատում»:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակին, ապա. «Առողջական վիճակը կայուն է, դրական շարժ կա, բողոքներ կամ գանգատներ չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս