ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը մեղադրվում է բենզինը յուրացնելու մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա ամբաստանյալ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Հ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները:

«Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ 2010-ի հունվարից մինչև 2012-ի մայիս ամիսների ընթացքում զորամասի բնականոն գործողությունն ապահովելու և մարտական առաջադրանքները կատարելու համար ՀՀ ՊՆ կողմից զորամասին հատկացված, իր կողմից ՀՀ ՊՆ զորամասերից ապրանքագրերով ստացված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 23.320կգ. 13.992.000 դրամ արժողությամբ ավտոբենզինը զորամասին պատկանող տարբեր ավտոմեքենաների 126 ուղեգրերում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական նպատակներով, կեղծիք կատարելով, առանց անհրաժեշտության անհիմն կազմել է ուղեգրեր, նշելով անհիմն երթեր, դուրս է գրել վերը նշված ավտոբենզինը, յուրացրել` հափշտակել այն և ՊՆ պատճառել է էական վնաս` 13.992.000 ՀՀ դրամի նյութական վնաս»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով նախագահող դատավորը Արմեն Վարդապետյանն է:

 

Տեսանյութեր

Լրահոս