Ես Պուտինի առջև ինձ պահել եմ ինչպես գառը գայլի առջև, իսկ նա վիրավորել է ինձ. Սաակաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հեռանկարներ չի տեսնում, որ Ռուսաստանը հավասարազոր գործընկերության հենքով բարեկամական հարաբերություններ կհաստատի Վրաստանի ներկայիս իշխանությունների հետ.

«Ես մշտապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել եմ հաճելի բաներ, ինձ պահել եմ ինչպես իրեն գայլի առաջ կպահեր գառը, սակայն երբեք գայլը լավ չի վերաբերվի գառանը: Սա պետք է հասկանա վրաց ժողովուրդը և գնա իր ճանապարհով՝ եվրոպական ուղով:

Մենք չպետք է գառներ լինենք, մենք արդեն իսկ անցել ենք այդ ճանապարհը, սակայն ոչինչ չենք օգտվել դրանից: Նոր իշխանությունները փորձում են ժողովրդին ներշնչել, որ հնարավոր է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ խաղաղ գոյակցությունը:

Սակայն ռուսական կողմի հայտարարությունն ամեն ինչ դնում է իր տեղը, և ժողովուրդը պետք է բացի աչքերը: Ես մշտապես ժողովրդին ասել եմ ճշմարտությունը և շարունակում եմ դա անել: Անհնար է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ պայմանավորվելը»:

Սաակաշվիլին հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի խորշել իր հանդեպ վիրավորական արտահայտություններ գործածելուց. «Կարող եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ չնայած առկա այն տեղեկություններին, թե ինձ թույլ եմ տվել վիրավորական արտահայտություններ նրա հասցեին, երբեք չի եղել նման բան, ես մշտապես հարգալից եմ գտնվել նրա նկատմամբ:

Երբ իրավիճակը լարծված էր, ես զանգահարեցի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, սակայն հեռախոսը վերցրեց Պուտինը և ասաց, որ գործ ունենամ իր հետ: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ԵԱՀԿ-ը կտրականապաես դատապարտում են Ռուսաստանին՝ Վրաստանի անջատողական շրջաններում լարվածության էսկալացիայի համար:

Իսկ նա հեգնանքով ասաց, որ հայտարարություններով թղթերը շատ են և խնդրեց ինձ այդ թղթերը մտցնել համապատասխան տեղ: Հենց այդպես էլ ասաց: Ես բնականաբար շփոթվեցի: Բոլորին հայտնի է նաև այն դեպքը, երբ Պուտինն ուղղակիորեն հայտարարել է, որ մտադիր է Միխեիլ Սաակաշվիլիին կախել «ձվերից»»:

Տեսանյութեր

Լրահոս