Վրաստանի խորհրդարանն իրավաբանական անձանց իրավունք է տվել նվիրատվություններ կատարել կուսակցությունների օգտին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրենքում ուղղումներ մտցնելը, որոնց համաձայն իրավաբանական անձն իրավունք է ստանում նվիրատվություններ կատարել կուսակցությունների օգտին:
Պատգամավորները տվյալ օրինագիծն ընդունել են արագացված կարգով. երկրորդ և երրորդ ընթերցմամբ դրա օգտին քվեարկել է 86 պատգամավոր, իսկ դեմ՝ ոչ ոք՝ թեև խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից:
Ուղղումներն ուժի մեջ կմտնեն Վրաստանի նախագահի կողմից հաստատվելուց և երկրի Օրենսդիր տեղեկագրում հրապարակվելուց հետո: Օրինագծով մեկ իրավաբանական անձի կողմից նվիրատվություն անելու առավելագույն նշաձող է սահմանվել 120.000 լարին (մոտ 72.700 դոլար):