Գալուստ Սահակյան. Սուրեն Խաչատրյանի մտքով էլ չի անցնում առաջադրվել
Իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։ Թեկնածու իշխող կուսակցությունն անշուշտ առաջադրելու է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, թեկնածուների առաջադրումը երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 5-ից սկսված է և կավարտվի օգոստոսի 15-ին։
Ինչպես կայքին փոխանցել են թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս պահին դեռ որևէ առաջադրում չկա։ «Մենք կառաջադրենք թեկնածություն, պարզապես Գործադիր մարմնի անդամների մի մասը արձակուրդում են, տարբեր տեղերում են։ Կարծում եմ՝ ամսի 10-ից հետո կհավաքվենք, կորոշենք» ,- ասել է Գալուստ Սահակյանը։
Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության անհրաժեշտություն առաջացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձությունների հետևանքով, երբ Խաչատրյանը իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից հետո հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։ Մամուլում համառորեն շրջանառվում են լուրեր, որ նորանշանակ մարզպետի հորեղբորորդուն՝ Առնոլդ Հակոբյանին է Հանրապետականը մտադիր այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրել։ ՀՀԿ փոխնախագահը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էայս լուրերը։ «Թեկնածուների պակաս չունենք, պարզապես չենք ցանկանում այդ ուղղությամբ վերլուծել, որպեսզի որոշակի լարվածություն չառաջանա։ Շատ թեկնածուներ ունենք, շատ»,- ասել է Գալուստ Սահակյանը։
Որպես պատգամավորության հավանական թեկնածուներ շրջանառվում են նաև Կապանի նախկին քաղաքապետ,Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի, ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունները (Սյունիքի նախկին մարզպետը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է)։ Գալուստ Սահակյանը բացառել է միայն Սուրիկ Խաչատրյանին առաջադրելու հնարավորությունը։ «Ոչ, չեմ կարծում, ինքը նույնիսկ նման խոսակցություն չի էլ վարում, մտքով էլ չի անցնում»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։
Կարդացեք այստեղ.