Բաժիններ՝

Եմենում կանխվել է նավթային օբյեկտների նկատմամբ «Ալ-Քաիդայի» խոշորագույն հարձակումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում առկա իրավիճակը գնալով դառնում է ավելի տագնապահարույց: Այն բանից հետո, ինչ զինված զինյալները կործանեցին մարտական ուղղաթիռ, երկրի իշխանությունները կանխել են նավթային կարևոր օբյեկտների գրավումը «Ալ-Քաիդայի» կողմից:

ԱՄՆ-ը, ով ավելի վաղ Եմենից դուրս է բերել իր դիվանագիտական ներկայացուցչությունը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ մի շարք հարձակումներ է կազմակերպել ահաբեկիչների դեմ՝ ոչնչացնելով մի քանի տասնյակ զինյալի:

Եմենի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է ձախողել «Ալ-Քաիդայի» պլանը՝ կապված երկրի նավթային ու գազային արդյունաբերության առանցքային օբյեկտները, այդ թվում նաև արտահանման ծովային տերմինալները գրավելու հետ:

«Ալ-Քաիդայի» հարձակումը պետք է սկսվեր երկրի տարբեր հատվածներում գազամուղերի ու նավթամուղերի բազմաթիվ պայթեցումներով, ինչից հետո ահաբեկիչները պլանավորել էին զավթել երկրի մի շարք քաղաքներ, այդ թվում նաև հարավային հատվածում գտնվող երկու նավահանգիստ, որոնց տերմինալներով է իրականացվում նավթի արտահանումը:

Եմենի իշխանություններին հայտնի է դարձել, որ կառավարական զորքերի զինվորական համազգեստ հագած զինյալները պետք է մոտենային էներգետիկ օբյեկտներին և ազդանշան ստանալու դեպքում զավթել դրանք: Սակայն Եմենի բանակն արագ արձագանքել է և իր վերահսկողության տակ է առել պետհիմնարկներն ու նավթային արդյունաբերության հիմնական օբյեկտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս