
Հուլիսին Վրաստանում այցելուների քանակով առաջատարը Հայաստանն է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում այցելուների քանակը կազմել է 2.799.910 մարդ, ինչը 26 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը: Վերջինիս տվյալներով՝ այցելուներից 1.085.378-ը զբոսաշրջիկներ են (այցելուների ընդհանուր քանակի 39 տոկոսը), ինչը 21.4 տոկոսով ավելին է՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ:
Տարանցիկ ուղևորների քանակը կազմել է 564.508 մարդ (56 տոկոսանոց աճ), ինչը կազմել է այցելուների ընդհանուր քանակի 20 տոկոսը: 2013 թվականի հուլիսին այցելուների քանակը, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աճել է 15.6 տոկոսով և կազմել է 609.189 մարդ:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հուլիսին այցելուների քանակով առաջատարը Հայաստանն է՝ 162.529 մարդ, ապա գալիս են Թուրքիան՝ 139.002 մարդ, Ռուսաստանը՝ 115.871 մարդ, Ադրբեջանը՝ 109.074 մարդ, Ուկրաինան՝ 14.113 մարդ և Իրանը՝ 9248 մարդ: