Բաժիններ՝

Ավտովարորդները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

«Քաղաքացիական դիրքորոշում», «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունները, նաև տաքսու վարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը, նախարարությունն է որոշում տրանսպորտի ոլորտի քաղաքականությունը ամբողջ հանրապետության համար, հետո ամեն համայնք կիրառում է:

«Ամբողջ աշխարհում` Գերմանիայում, Ֆրանսիայում, ինքնարժեքից նույնիսկ ցածր է աշխատում հասարակական տրանսպորտը: Բիզնեսին շահավետ չէ մասնակցել: Մերոնք պետք է բաժնետիրական ընկերություն ստեղծեին, բիզնեսը մասնակցեր ըստ ցանկության: Ոլորտը պետք է պետական լիներ և չթողնվեր ազատ շուկայական հարաբերություններին»,- ասաց Գ.Դոստուրյանը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` 2001թ-ին ընդունված օրենքով հաստատվել է «գծի տեր» հասկացությունը և դա պետք է փոխվի: Նա բողոքեց Գագիկ Բեգլարյանի կողմից տաքսիների դեղին համարանիշերը վերացնելու դեմ` նշելով, թե դեղին ու սպիտակ համարանիշների վարորդներին «հանում են իրար դեմ»:

Տ.Հովհաննիսյանը տեղեկացրեց, թե Գ. Բեգլարյանն առաջարկել է տաքսու վարորդներին, որ վաճառեն իրենց ավտոմեքենաները, Բեգլարյանն ինքը ներկրի հազարավոր մեքենաներ ու դրանք շահագործվեն. «Բեգլարյանի խորհրդական Արթուր Ավետիսյանի խնամի Արմեն Եղիազարյանը «Գիլյոտին» ծրագրով բուժզննում-տեխզննումը հանեց, իբր բարեփոխում իրականացրին: Ոլորտում ոչ մի բան չի իրականացնում»:

Հարցին` ինչու են պահանջում Բեգլարյանի և ոչ թե Տարոն Մարգարյանի հրաժարականը, քանի որ Երևանում հասարակական տրանսպրոտը համակարգում է քաղաքապետը, Տ.Հովհաննիսյանը և մյուս բանախոսները պնդեցին, թե Մարգարյանը չի կարող ոչինչ փոխել, նա օրենք չի ընդունում:

Տ.Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կոչ են անում նախարարությունում հանձնաժողով ստեղծել, որին բոլոր ՀԿ-ները կմասնակցեն, և 1 շաբաթ ժամանակ են տալիս խնդիրները կարգավորելու համար, իսկ օգոստոսի 16-ին Էրեբունու թանգարանի տարածքից հազարավոր մեքենաներով երթ են իրականացնելու դեպի քաղաքապետարան:

Անհատ ձեռներեց, տաքսու վարորդ Սարգիս Մաճմալյանը բողոքեց, թե երեկ անվճար է ուղևորին իջեցրել, որովհետև գծանշված տարածքում էր կայանել, որպեսզի ուղևորը խանութ մտնի, իսկ վերջինս 5 րոպեից ավելի է ուշացել. «Կարմիր գծերում 5 րոպեից ավելի եթե մնամ, ինձ 5000 դրամ կտուգանեն»:

Տաքսու վարորդ Հրայր Անտոնյանի խոսքով`ամբողջ քաղաքը կարմիր գծանշան է, տաքսիներին կանգնելու տեղ չեն թողել. «Այսօր վարորդն աշխատում է միայն տուգանքները մուծելու համար»:

«Սպառողների միության»  նախագահն Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, թե Գ.Բեգլարյանի հրաժարականը չի պահանջում, այլ պահանջում է Հռոմի Պապի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս