«Օրենքով գողին» թույլ չտվեցին մասնակցել մոսկովյան հավաքին (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, «Պրայմ Կրայմ» գործակալության փոխանցմամբ, հուլիսի 31-ին Կրասնոդարի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր 29-ամյա «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Կրասնոդարսկի։ Ձերբակալության պատճառ էր հանդիսացել այն, որ քրեական հեղինակությունը գտնվել էր թմրադեղերի ազդեցության տակ։ Նա ենթարկվել էր 15-օրյա վարչական կալանքի։
Ըստ «Պրայմ Կրայմ»-ի նոր տեղեկությունների՝ Դաթոն ձերբակալվել է Ռոստով մտնելիս։ Այնտեղ նա պետք է հանդիպեր իր «գործընկեր» Ալեքսեյ Զլակոմանովին (մականունը՝ Զլակ)։ Այնտեղից նրանք երկուսով պետք է մեկնեին Մոսկվա՝ գողական հավաքին մասնակցելու համար։ Դաթոն և Զլակը համարվում են գողական աշխարհի վրացական կլանի ներկայացուցիչներ։
«Պրայմ Կրայմի» տեղեկություններով՝ Դեդ Հասանի սպանությունից հետո վրացի «օրենքով գողերը»՝ Մերաբ Ջանգվելաձեի գլխավորությամբ, Ռոստովում և Կրասնոդարում նոր «նայողներ» էին նշանակել՝ հետագայում նրանց գողական կարգավիճակ շնորհելու հեռանկարով։ Ռոստովը վստահվել էր Լյովա Մարտիրոսին, իսկ Կուբանը՝ Դավիդ Ջանգիձեին։ Վերջինս «օրենքով գող» էր թագադրվել այս տարվա հունիսի սկզբին՝ Թուրքիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ։