Բաժիններ՝

Դատարանում հրապարավել են Վարդան Ղուկասյանի դստեր ցուցմունքները

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը այսօր սկսվել է վկաներից ստացված ծանուցումների պատասխանների հրապարակումով: Ըստ asparez.am-ի՝ Վ.Ղուկասյանը դատարան գրություն էր ուղարկել, որ բուժման մեջ է, քանի որ դատարանում ցուցմունք տալուց հետո մամուլում տեղ գտած հրապարակումները վատ են անդրադարձել իր առողջության վրա:

Այնուհետ նշել էր, թե գործի վերաբերյալ արդեն ցուցմունք տվել է եւ ավելացնելու որևէ բան չունի, հարցերի դեպքում էլ իր միակ պատասխանը կլինի, որ տեղյակ չէ, ուստիև խնդրել էր իրեն դատարան չհրավիրել: Վարդան Ղուկասյանի դուստը՝ Մանյա Ղուկասյանը ևս առողջական խնդիրներ ուներ և անորոշ ժամանակով բացակայում էր քաղաքից, որի համար ներկայացվել էր փաստաթուղթ «Գյումրիի բնակարանների սպասարկում» ՓԲԸ-ից: Գործով մյուս վկան, ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների, բացակայում էր քաղաքից:  Մանյա Ղուկասյանի մասով դատարանի հրապարակած պատախանի հետ կապված ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լ.Սահակյանը նշել է, թե դատարանն ինչպե՞ս կարող է այդ փաստաթուղթը հիմք ընդունել: Փաստաբանի մեկնաբանմամբ՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Մ.Ղուկասյանին խոչընդոտում են, թույլ չեն տալիս ներկայանալ դատարան:

Պետական մեղադրող Արմեն Մարուխյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝  հրապարակել բացակա վկաների նախաքննական մարմնին տված ցուցմունքները, ինչին դեմ էր Լուսինե Սահակյանը՝ նշելով, թե այդ պարագայում պաշտպանական կողմը կզրկվի վկաներին հարցեր տալու իրավունքից, մինչդեռ իրենք բազմաթիվ հարցեր ունեն նրանց: Լ.Սահակյանը միջնորդել է՝ այդ վկաների ցուցմունքների հրապարակումը հետաձգել, ապացույցների հետազոտման կարգը փոփոխել ու անցնել առաջ:

Դատարանն, այնուամենայնիվ, որոշել է հրապարակել բացակա վկաների նախաքննական ցուցմունքները, ինչից հետո Լ.Սահակյանն ասել է, թե իր պաշտպանյալը ապօրինի կերպով գտնվում է անազատության մեջ ու ապօրինություններ շարունակվում են նաև դատարանում: «Մենք, իմ, պաշտպանյալի հետ խորհրդակցելով, որոշեցինք, որ պետք է շարունակվի գործընթացը, քանի որ հասկացանք՝ դատարանն ի վիճակի չէ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել»,-  նշել է Լ.Սահակյանն ու ավելացրել, որ իրենք ուզում են գործն այս դատարանում ավարտել եւ դիմել ավելի բարձր ատյաններ:

Կարդացեք նաև

«Հարգելի դատարան, շարունակեք ձեր ապօրինությունները, գիտակցելով հանդերձ, որ դուք ակնհայտ ապօրինություն եք կատարել»,- ավելացրել է Լ.Սահակյանը և միջնորդել մինչ վկաների ցուցմունքների հրապարակումը քննարկել պաշտպանական կողմի ներկայացված մեկ միջնորդություն կապված գործով վկա Հակոբ Կարապետյանի հետ:

Մ.Սարոյանը որոշել է միջնորդությունը քննարկել տվյալ վկայի մասով հատուկ դպրոցից անձնական գործը ստանալուց հետո միայն: Այնուհետ պետմեղադրող Արմեն Մարուխյանը նախ հրապարակել է Մանյա Ղուկասյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները, համաձայն որի՝ նա Կարեն Եսայանի հետ սովորել է նույն դպրոցում, դպրոցնավարտելուց հետո Կարենի հետ ընդհանրապես չեն հանդիպել մինչև 2012թ. մարտի 27-ը (դեպքից 15 օր առաջ.-խմբ.), երբ Կարենը ծնողների հետ եկել է իրենց տուն: Դրանից հետո նրանք այլեւս չեն շփվել, նույնիսկ հեռախոսով: Ցուցմունքում Մանյա Ղուկասյանը նշել էր, թե Հ.Սարգսյանին ընդհանրապես չի ճանաչել ու չի տեսել: Թե աշխատանքի ինչո՞վ է գնում-գալիս, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում աշխատանքի վայրից՝ հարցերին ի պատասխան Մանյա Ղուկասյանն ասել է.

«Աշխատանքիս վայրը գտնվում է տանից 250 մետր հեռավորության վրա, մշտապես գնում և վերադառնում եմ ոտքով, արտասովորն այն եմ համարում, որ երբ ծնողներս համաձայնեցին իմ ձեռքը տալ Կարեն Եսայանին՝ համարյա ամեն օր, աշխատանքի գնալուց, ժամը 11-ի և տուն վերադառնալիս՝ ժամը 15:00-ի սահմաններում իմ ճանապարհի տարբեր հատվածներում նկատել եմ արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վրա դրված էր արտասահմանյան «ԲՄ 5255» համարանիշը: Ես միշտ ուշադրություն եմ դարձրել այդ մեքենային ու մտածել, որ դա Կարենն է, քանի որ Կարենն էլ ուներ նույն գույնի եւ նույն մակնիշի մեքենա»:

Մ.Ղուկասյանը իր ցումունքում գրել էր նաեւ, թե նույն ժամանակահատվածում իր ճանապարհին նկատել է նաեւ սեւ գույնի, «Մերսեդես» մակնիշի «կատաֆալկա» մեքենա, բայց դրանք երկուսը միաժամանակ չեն հայտնվել իր ճանապարհին:

Վարդան Ղուկասյանի ցուցմունքում գրված էր, որ նա չի ճանաչել ամբաստանյալի հորը՝ Սամվել Սարգսյանին, վերջինս նախկին քաղաքապետից խնդրել է դստեր ձեռքը իր որդու համար, ինչից հետո նույն այդ հարցով մի քանի անգամ դիմել արդեն Վ.Ղուկասյանի եղբորը՝ Գեւորգ Ղուկասյանին: Իսկ թե ի՞նչ գիտե Կարեն Եսայանի սպանության գործով՝ Վ.Ղուկասյանն ասել. «Այս պահին ինձ ոչինչ հայտնի չէ, ես գիտեմ, որ այս գործով կալանավորված է Հարություն Սարգսյանը, ուրիշ ոչինչ չգիտեմ»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս